«CTRL Z» կենդանի փոդքասթ Ռուբեն Ռուբինյանի հետ
Ի՞նչ է տեղի ունենում, երբ քաղաքական հարցազրույցը նախատեսված է մի սերնդի համար, որը քաղաքական խաղերի սիրահար չէ։
«CTRL Z»-ը «Ինֆոքոմ» լրատվական հարթակի հարցազրույցների շարքն է՝ ստեղծված «Զեթ» սերնդի կողմից՝ «Զեթ» սերնդի համար, որի շրջանակներում քաղաքական ու հանրային գործիչները ներգրավվում են անմիջական, փաստահեն քննարկումներում՝ երիտասարդներին հուզող հարցերի ու խնդիրների շուրջ։
EVN մեդիա փառատոնի շրջանակում այս շարքը կտեղափոխվի բեմ․ հյուրն է լինելու Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ զրույցը խոստանում է լինել ոչ սովորական։
Ձևաչափը թեթև է, արագընթաց ու ընդգծված երիտասարդական․ սուր հարցադրումները համադրվում են հումորի, անմիջական զրույցի և խաղերի հետ։ Բայց խաղային ձևաչափի ներքո լուրջ հարցեր են՝ քաղաքականության, հանրային կյանքի և Հայաստանի ապագան ձևավորող որոշումների մասին։
«CTRL Z»-ը քաղաքական հարցազրույցի ընդունված ձևաչափից դուրս է գալիս՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ հարցերը հնչում են ուղիղ, իսկ զրույցն ընթանում է առանց ավելորդ ձևականությունների։ Այս կերպ այն երիտասարդներին առաջարկում է հանրային կյանքին առնչվող հարցերի շուրջ զրուցելու և դրանցով հետաքրքրվելու այլ ձև։
«CTRL Z»-ը «Ինֆոքոմ»-ի հեղինակային տեսաձևաչափ է։ «Ինֆոքոմ»-ը հայկական անկախ լրատվամիջոց է՝ մասնագիտացած տվյալահեն, հետաքննական, հետազոտական և գիտական լրագրության մեջ։
ՇԱԲԱԹ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 14:30
1ԻՆ ՀԱՐԿ
*Հայերեն
Այն, ինչ բերեցինք մեզ հետ․ դոշաբ, հիշողություններ և Արցախ
Մայքլ Գուրջեանի և Սիրանուշ Սարգսյանի մասնակցությամբ
Միացե՛ք կինոռեժիսոր Մայքլ Գուրջեանի և արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանի զրույցին, որի ընթացքում նրանք դոշաբով քաղցրավենիք կպատրաստեն և կխոսեն ուտելիքի, հիշողության ու տան համի մասին։
Սարգսյանի անձնական հիշողությունների և արցախցի կանանց պատմությունների միջոցով նրանք կանդրադառնան, թե ինչպես են մայրերը պատերազմների ու շրջափակման տարիներին հարմարեցրել իրենց սիրելի բաղադրատոմսերը՝ շաքարավազի պակասը լրացնելով դոշաբով, որպեսզի երեխաներին թեկուզ փոքրիկ քաղցրություն ու մխիթարություն պարգևեն։
Պատրաստված քաղցրավենիքների հյուրասիրությամբ ուղեկցվող այս հանդիպումը հրավիրում է բացահայտելու այն պատմություններն ու ավանդույթները, որոնք սննդի միջոցով փոխանցվում են սերնդեսերունդ՝ անգամ տեղահանության պայմաններում։
ԿԻՐԱԿԻ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 11։00
3ՐԴ ՀԱՐԿ
*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
Գրելով պատերազմի մասին․ վերաիմաստավորելով Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը
Ի՞նչ է նշանակում գիրք գրել մի պատերազմի մասին, որի հետևանքները դեռ շարունակվում են։ «Ռութլիջ» հրատարակչության լույս ընծայած «Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները․ պատերազմ հանուն ինքնիշխանության» («The Second Nagorno-Karabakh War and Armenia-Azerbaijan Relations: War for Sovereignty») նոր գրքում Ներսես Կոպալյանն ու Իրինա Ղափլանյանը 2020 թվականի պատերազմն ու դրա հետևանքներն ուսումնասիրում են ինքնիշխանության, ուժի, դիվանագիտության, միջազգային իրավունքի և տարածաշրջանային անվտանգության տեսանկյուններից։
Այս զրույցում Կոպալյանն կանդրադառնա գրքի հիմնական դրույթներին, հետազոտության ու գրելու ընթացքին, ինչպես նաև այն հարցին, թե պատերազմից մի քանի տարի անց դրա ուսումնասիրությունն ինչ կարող է բացահայտել այն մասին, թե ինչպես է հակամարտությունը փոխել Հայաստանը, Ադրբեջանն ու ամբողջ տարածաշրջանը։
Վարող՝ Րաֆֆի Քասարջյան
ԿԻՐԱԿԻ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 13:45
3ՐԴ ՀԱՐԿ
*Անգլերեն
CSN Lab․ «Մինչև 2031»
Ի՞նչ ասվեց և ի՞նչ մնաց չասված Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում
Այս հանդիպմանը «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ն (CSN Lab) կներկայացնի իր նոր՝ «Մինչև 2031 թվականը» հրապարակումը, որն ուսումնասիրում է Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին առնչվող քաղաքական խոսույթն ու նախընտրական քարոզարշավի հիմնական պատումները՝ ներառյալ ընտրություններից առաջ և հետո քաղաքացիական հասարակության հետ ծավալուն աշխատանքը։
Ո՞ւմ մտահոգություններն ու խնդիրներն ընդգրկվեցին քաղաքական օրակարգում, իսկ որո՞նք դուրս մնացին։ Ինչպե՞ս էին քաղաքական ուժերն անդրադառնում շրջակա միջավայրի պահպանությանը, գենդերային հավասարությանը, միգրացիային, սոցիալական արդարությանն ու մշակութային իրավունքներին։ Ո՞ր հարցերն ավելի մեծ տեսանելիություն ստացան, որո՞նք երկրորդվեցին, և ո՞ւմ փորձառությունն ու մտահոգություններն այդպես էլ գրեթե տեղ չգտան նախընտրական քարոզարշավում։
Հրապարակումը նաև բացահայտում է, թե անվտանգության, խաղաղության, աշխարհաքաղաքական կողմնորոշման և ազգային ինքնության շուրջ ձևավորված պատումներն ինչպես են սահմանել քաղաքական բանավեճի շրջանակները։ Ասվածը կարևոր է, բայց էական է նաև այն, թե ինչ չի ասվել։
Ընտրությունների օրվանից անդին նայելով՝ քննարկումը կանդրադառնա, թե այս պատումներն ու բացթողումներն ինչպես կարող են ձևավորել Հայաստանի քաղաքական դաշտը մինչև 2031 թվականը, և ինչ նշանակություն կունենան հասարակական տարբեր խմբերի ներկայացվածության, այլընտրանքային քաղաքական օրակարգերի ու երկրի ապագայի այլընտրանքային տեսլականների համար։
Ներկայացնողներ՝
Տիգրան Ամիրյան
Ագնեսա Թարիվերդյան
ԿԻՐԱԿԻ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 15:00
1ԻՆ ՀԱՐԿ
*Հայերեն