Ֆիլմերի դիտում և Ցուցահանդեսներ

Ցուցահանդեսներ

 

1988-2022. «Պատմությունը շարժման մեջ»

Սկսած 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից, անկախության շարժումից և Խորհրդային Միության փլուզումից մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը Հայաստանում լրագրողները, ֆոտոլրագրողներն ու տեսանկարահանողներն արձանագրել են ազգի պատմությունը։

Հեղինակ և համադրող՝ Արեգ Կոզմոյան

Արեգը պրոֆեսիոնալ տեսանկարահանող է՝ կինեմատոգրաֆիայի մագիստրոսի կոչումով և ավելի քան ութ տարվա աշխատանքային փորձով: Ֆիլմերի և տարբեր տեսանախագծերի հետ մեկտեղ Արեգն արխիվային կադրերից հավաքում և վերստեղծում է 20-րդ դարի Երևանի հնչյունները։

 

«EVN Report. երես առ երես» 

«EVN Report ամսագիրը», որը մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերին, ներկայացնում է թեմաներ՝ գյուղատնտեսությունից մինչև անվտանգություն և քաղաքական մշակույթ: Յուրաքանչյուր ամսվա համարի շապիկը նախագծում է ճարտարապետ և պատկերազարդող Հարութ Թումաղյանը, որը տիրապետում է տեսողական լեզվի ցնցող պատկերներին:

Պատկերազարդող՝ Հարութ Թումաղյան

Հարութը ճարտարապետ և պատկերազարդող է, երկար տարիներ աշխատել է մանկական գրքերի հայեցակարգերի մշակման վրա: 2002 թվականից նախագծել և մշակել է մանկական ինտերակտիվ խաղեր և համագործակցել է մի շարք միջազգային ընկերությունների հետ՝ մանկական խաղերի ստեղծման գործում: Որպես նկարազարդող՝ Թումաղյանը համագործակցել է հայկական, չեխական, գերմանական, ուկրաինական և ռուսական հրատարակությունների հետ։ Նա նաև մշակել է հայաստանյան և միջազգային շատ կազմակերպությունների ծրագրերի կոնցեպտը և տեսողական լեզուն:

 

«Հետպատերազմյան հետճշմարտություններ»

Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո հանրությունը տեղեկացավ բավականին ցավոտ իրականության մասին՝ մոտ երեք տասնամյակ հայկական ուժերի վերահսկողության տակ եղած յոթ շրջանների հանձնում, ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութի ու Շուշիի կորուստ, ռուս խաղաղապահների տեղակայում, հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ և գերեվարվածներ, հազարավոր տեղահանվածներ, անորոշություն և բազմաթիվ այլ հարցեր:

«Հետպատերազմյան հետճշմարտություն» նախագծի նպատակն է վավերագրել և վերհանել հետպատերազմական հայաստանյան իրականությունը և խնդիրները` կենտրոնանալով պատերազմի հետևանքով տուժած մարդու իրավունքների խնդիրների վրա (տեղահանված, վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած մարդիկ, որդիներ կորցրած ծնողներ և այլն):

Բարդ ու բազմաշերտ այս թեմաները, բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներով և հոգեբանական տրավմաներով հանդերձ, ենթարկվել են երկարատև ու համբերատար ուսումնասիրության, լուսաբանվել մտածված և չվնասող մոտեցումներով, որոնք, ցավոք, ոչ միշտ են կիրառվում հայաստանյան մեդիա դաշտում:

Նախագծի ընթացքում ստեղծված և ներկայացված վեց ֆոտոպատումների վերծանումը կարող է նպաստել հասկանալու պատերազմի, բռնության, ատելության և փոխըմբռնման բացակայության պատճառները` վերաիմաստավորելով խաղաղությունն և մարդկայնությունը:

4 PLUS

4Պլյուսը անկախ վավերագրական լուսանկարչության կենտրոն է, որը հիմնադրվել է 2012թ․-ին։ Գործունեության առանցքում է վավերագրական լուսանկարչության խթանումը և մասնագիտական ոլորտի զարգացումը Հայաստանում։

 

Ինստալացիա. «Լրատվության մարդկային գինը»

Դրամատուրգ և բանաստեղծ Դեն Օ՛Բրայենը, գրելով իր պատերազմի լրագրող ընկերոջ մասին, վերջերս գրել է. «Վկայություն տալ նշանակում է կիսել տառապանքի բեռը»։

Երբ բնական աղետների, հակամարտությունների կամ պատերազմների ժամանակ կառչում ենք էկրաններին՝ ծարավ լինելով տեսանյութերի, լուսանկարների և ռեպորտաժների, մենք հաճախ մոռանում ենք, որ կան իրական մարդիկ՝ լրագրողներ, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ ցուցադրելու կարևոր պատմություններ և պատկերներ: 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ և այժմ Ուկրաինայում լրագրողներ են վիրավորվում, թիրախավորվում և զոհվում։ Դա լրատվության մարդկային գինն է: 

Լրագրողների զրահաբաճկոնների և սաղավարտների այս ինստալացիան լրագրողի «տառապանքի բեռի» վառ հիշեցումն է։

EVN Report

 

DA(I)MAGES

«Da(i)mages»-ը Կարեն Միրզոյանի նախագիծն է, որը նրա 2020 թվականի Արցախյան պատերազմի լուսաբանման մասն է: Նախագծում պատերազմի հետևանքով Ստեփանակերտի վնասված շինությունների պատկերը փոխանցվում է նաև վնասված պիքսելներով։ Ադրբեջանական զինուժի գնդակոծությունից հետո Ստեփանակերտի 3D սքանավորումը կործանարար պատերազմի մեկնաբանությունն է, որտեղ պատկերի է վերածվում տեղի իրականությունը, պատմությունը ներկայացվում է ամենաբարձր լուծաչափով:

Կարեն Միրզոյան 

 

«ԼՐԱՏՈՒՆ». «Երկրաշարժ, որ ցնցեց սովետական մեդիան».

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա թանգարան նախագիծը գործարկվել է 2011-ին։ Այն անդրադառնում է Անկախության շրջանի առանձին նշանակալի իրադարձությունների ու երևույթների լուսաբանման պատմությանը։ 

«Լրատուն» նախագծի առաջին՝ «Երկրաշարժ, որ ցնցեց սովետական մեդիան» վերնագրով ցուցահանդեսը բացվեց 2013-ի սեպտեմբերին։ Այն երկու ամիս շրջագայեց Հայաստանի չորս մարզում՝ Շիրակ (Գյումրի), Լոռի (Վանաձոր), Գեղարքունիք (Մարտունի), Սյունիք (Կապան), ապա ներկայացվեց Երևանում։

«Լրատունը» չունի առանձին տարածք, այդ պատճառով ընտրված թեմաները ներկայացվում են շրջիկ ցուցահանդեսների ձևով։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 25 տարի: Աջակցում է արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում է մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում է «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: 

 

 

Ֆիլմերի ցուցադրություն

Մայիս 28, 20:00

«Եվս հինգ օր»

Ռեժիսոր՝ Արման Մանարյան
«Հայֆիլմ» կինոստուդիա, 1978 թ․
Հայերեն
85 րոպե

Հովիկը՝ անհոգ երիտասարդ լրագրողը, թեժ պատմություն փնտրելով՝ հայտնաբերում է նոթատետր, որտեղ անհայտ մանրամասներ են պատմվում 1920-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ Հայաստանում մահապատժի ենթարկված պապի մասին: Խափանելով հերոս հայրապետի առասպելը, հայտնագործությունը թղթակցին տանում է ինքնորոշման դժվարին ճանապարհի և լրագրողի երկիմաստ բարոյական դիրքորոշման վերագնահատման՝ ճշմարտությունը հաղորդելու պարտավորության և մարդկային փխրուն կապերը պահպանելու ցանկության միջև:

Հիմք ընդունելով հայտնի արձակագիր Վահագն Գրիգորյանի սցենարը՝ Արման Մանարյանի 1978 թվականի «Եվս հինգ օր» ֆիլմը խորհրդային լրատվամիջոցների քողարկված քննադատությունն էր և փորձ՝ մատնանշելու պատմական հիշողության կործանարար կեղծումը, որի հիման վրա Կոմունիստական կուսակցությունը կառուցեց խորհրդային իր մոդելը։

 

Մայիս 29, 20:00

«Անկարելին՝ կարելի»

Ռեժիսոր՝ Տիգրան Պասկևիչյան
«Վերսուս» ստուդիա
Հայերեն՝ անգլերեն ենթագրով

Հաղորդակցության արդի տեխնոլոգիաները նախատիպ չունեն։ Ո՛չ գիրը, ո՛չ տպագրությունը, ո՛չ ռադիոն, ո՛չ հեռուստատեսությունը. սրանցից յուրաքանչյուրը, կամ բոլորը՝ միասին, չեն կատարել և չեն կատարում այն դերը, որն այսօր ունի համացանցը։

Եվ որքան էլ տարօրինակ թվա՝ համացանցի նախատիպի որոնումները տանում են մի տեղ, ուր չկան համակարգիչներ, ipad-ներ, բջջային հեռախոսներ, թվային ֆոտո կամ տեսախցիկներ։ Չկան տեխնիկական մեծ հնարավորություններ, բայց կա խոսքի տարածքն ընդարձակելու ձգտում։

«Վերսուս» ստուդիայի արտադրած «Անկարելին՝ կարելի» ֆիլմը Սամիզդատի մասին է՝ խորհրդային տարիների յուրօրինակ մի երևույթ, որը դարձել է ազատության նվաճման համար պայքարի խորհրդանիշ։