Փառատոնի մասին

EVN Report ամենամյա մեդիա փառատոնը Երևանում համախմբում է տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` կիսվելու իրենց փորձով ու հմտություններով, ընդգծելու լրագրողների առանցքային դերը՝ հասարակության ընկալումների ձևավորմանը նպաստելու գործում:

Որպես մեդիա ոլորտում գիտելիքի փոխանակման, բազմազանության և ստեղծարարության իրադարձություն, փառատոնը կներկայացնի միջոցառումների լայն շրջանակ՝ ընդգրկելով լրատվամիջոցների էթիկային, հետաքննական լրագրությանը, ապատեղեկատվության դեմ պայքարի ու փաստերի ստուգումանը վերաբերող թեմաներ, ինչպես նաև անձնական զրույցներ, ակադեմիական քննարկումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ և պորտֆոլիոների խորհրդատվություններ: Եռօրյա ոգեշնչող և խորհելու տեղիք տվող զրույցների ընթացքում ներկաները հնարավորություն կունենան շփվելու լրագրողների, խմբագիրների, գրողների և փորձագետների հետ, իմանալ ավելին որակյալ, արժանահավատ և վստահելի նորությունների ու տեղեկատվության անհրաժեշտության և արժեքի մասին:

Փառատոնի թիմը

Նարեկ Ստեփանյան

Նարեկ Ստեփանյան

Նարեկը միջոցառումների և մշակութային նախագծերի ղեկավար է: Սկսած 2011 թվականից աշխատել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնում: Ունի միջազգային փառատոներում աշխատանքի մեծ փորձ: Աշխատել է «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնում, «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնում, «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և ֆիլմերի միջազգային փառատոնում:
Կազմակերպել և ղեկավարել է ավելի քան 1000 միջոցառում և 50-ից ավելի մշակույթային նախագիծ:

Մարիա Թիթիզյան

Մարիա Թիթիզյան

Գրող և լրագրող Մարիան ավելի քան 15 տարի աշխատում է Հայաստանում։ Նա Հայաստանի Հանրային հեռուստաընկերության արբանյակային եթերում արևմտահայերեն լրատվական ծրագրի հաղորդավարն է եղել, աշխատել է ամերիկյան Armenian Reporter-ում՝ որպես խմբագիր, իսկ ավելի ուշ՝ որպես «ՍիվիլՆեթ»-ի համակարգող խմբագիր: Նա EVN Report-ի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանի անգլերենի և հաղորդակցության բաժնում:

Հեղինե Գյուլնազարյան

Հեղինե Գյուլնազարյան

Հեղինեն քաղաքացիական հասարակության զարգացման տարբեր ծրագրերում աշխատանքի ավելի քան տասը տարվա փորձ ունի Հայաստանում և Վրաստանում: 2018-ին նա միացել է EVN Report-ի թիմին՝ որպես կազմակերպության ծրագրերի ղեկավար։ Մեդիայի ոլորտում նրա նախկին փորձը Թբիլիսիում հիմնված Aliq Media-ում է, որտեղ նա կազմակերպության համար իրականացրել է դրամահավաքներ:

Ռուբինա Մարկոսեան

Ռուբինա Մարկոսեան

Գրող և ֆոտոլրագրող Ռուբինան աշխատել է մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում: Եղել է Քուվեյթ հեռուստաընկերության լիբանանյան թղթակիցը, ՍիվիլՆեթ-ի անգլերեն բաժնի խմբագիր: Նա EVN Report-ի համակարգող խմբագիրն է:

Արմինե Շահբազյան

Արմինե Շահբազյան

Արմինեն ճարտարապետ և պատկերազարդող է: Հայաստանի և Շվեյցարիայի տարբեր արվեստանոցներում ավելի քան տասը տարի աշխատել է որպես ճարտարապետ։ Վերջին վեց տարիներին Արմինեն զբաղվում է գրաֆիկական դիզայնով ու պատկերազարդմամբ, աշխատում է մի շարք տարբեր ընկերությունների հետ, ինչպես նաև ստեղծում է պատկերազարդումների իր անհատական շարքը։

Սոնա Ներսեսյան

Սոնա Ներսեսյան

Սոնան EVN Report-ի փոդքասթների պրոդյուսերն է: Նա արաբագիտության բակալավրի և մագիստրոսի կոչում է ստացել Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում։ Սոնան սովորել է նաև Քուվեյթի համալսարանում և մասնակցել «Հետք» Մեդիա գործարանի նախագծին։ Հետաքրքրված է տեսողական և տեսալսողական պատմությունների ստեղծմամբ:

Անահիտ Մուշեղյան

Անահիտ Մուշեղյան

Անահիտը թվային հաղորդակցության մասնագետ է, աշխատում է մեդիայի և շահույթ չհետապնդող ոլորտներում: Նա գրեթե հինգ տարի ղեկավարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության թվային և սոցիալական մեդիայի հաղորդակցությունը, ինչպես նաև SMM տարբեր թիմերի հետ աշխատել է տեղական և միջազգային նախագծերում: Ներկայումս ֆրիլանսեր է և խորհրդատվություն է տրամադրում շահույթ չհետապնդող ստարտափներին և նախագծերին:

Գոհար Աբրահամյան

Գոհար Աբրահամյան

Գոհար Աբրահամյանն անկախ լրագրող է, 2010 թվականից համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցների հետ՝ անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների, սոցիալական, առողջապահական ու կրթական հիմնահարցերին։ 2011-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի կոչում, մասնակցել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դասընթացների՝ զարգացնելով մասնագիտական կարողությունները։ Նա EVN Report-ի հայերենի խմբագիրն է։

Հրանուշ Դերմոյան

Հրանուշ Դերմոյան

Հրանուշ Դերմոյանը բակալավրի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության ամբիոնից, մագիստրոսի կոչում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների ֆակուլտետից: Նա նաև մասնակցել է «Հետք» մեդիա գործարանի նախագծին։
Հրանուշը երկար տարիներ աշխատել է զբոսաշրջության ոլորտում, սակայն փոխում է իր կարիերան՝ ձգտելով դառնալ քաղաքական վերլուծաբան։ Նա հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերություններով, Թուրքիայի և Կովկասի քաղաքական գործընթացներով, Հայաստանի ներքաղաքական զարգացումներով։

Քրիստիան Գինոսյան

Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող և փոդքաստեր Քրիստիանն ավարտել է Հայ-ռուսական համալսարանի լրագրության ֆակուլտետն ու մասնակցել Հետք Մեդիա գործարանի կրթական ծրագրին։ Նա նաև PEN Armenia-ի (գրողների համաշխարհային ասոցիացիայի) ամենաերիտասարդ անդամն է։ Այժմ թղթակցում է Media.am-ին և ունի Հայաստանի Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքով հեռարձակվող հայտնի փոդքաստ՝ «Տարած»։