Ռոն Դայբերթ
Citizen Lab, հիմնադիր, տնօրեն
Ռոն Դայբերթը քաղաքագիտության պրոֆեսոր է, Տորոնտոյի համալսարանի Մանկի անվան համաշխարհային հարցերի և հանրային քաղաքականության դպրոցին առընթեր «Քաղաքացիական լաբորատորիայի» (Citizen Lab) հիմնադիրն ու տնօրենը։ Նրա հետազոտությունները կենտրոնանում են տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների, մարդու իրավունքների և համաշխարհային անվտանգության փոխառնչությունների վրա։
Նրա ղեկավարությամբ «Քաղաքացիական լաբորատորիան» հրապարակել է ավելի քան 180 ազդեցիկ զեկույց՝ կիբեռլրտեսության, առևտրային լրտեսական ծրագրերի, համացանցային գրաքննության և մարդու իրավունքներին սպառնացող թվային վտանգների վերաբերյալ։ Դրանց թվում են մեծ արձագանք ստացած «Գոսթնեթի հետքերով» և «Չինաստանի մեծ թնդանոթը» հետաքննությունները։ Այս զեկույցները լայնորեն լուսաբանվել են միջազգային մամուլում՝ հիմք դառնալով «Նյու Յորք Թայմսի», «Վաշինգտոն Փոստի», «Ֆայնենշլ Թայմսի» և այլ առաջատար պարբերականների առաջին էջերում տեղ գտած ավելի քան 25 բացառիկ հրապարակումների համար։ Քաղաքականություն մշակողները, գիտնականներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այս զեկույցներին անդրադարձել են որպես թվային տեխնոլոգիաների, մարդու իրավունքների և համաշխարհային անվտանգության փոխառնչությունները հասկանալու հիմնարար աղբյուրների։
Դայբերթի գիտական գործունեությունն ու լաբորատորիայի ղեկավարի աշխատանքն արժանացել են լայն ճանաչման։ 2013 թվականին նա պարգևատրվել է Օնտարիոյի շքանշանով։ 2020-ին Միջազգային հետազոտությունների ասոցիացիան նրան շնորհել է երկու պարգև՝ կանադական մասնաճյուղի «Վաստակավոր գիտնական» և գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի բաժնի «Վաստակավոր գիտնական․ սահմաններ հատող գործունեություն» մրցանակները։ 2022-ին նա արժանացել է Կանադայի շքանշանի սպայի աստիճանի․ սա երկրի քաղաքացիական պարգևների շարքում երկրորդ բարձրագույն շքանշանն է։
Դայբերթը մի շարք հեղինակավոր գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է, այդ թվում՝ «Միջազգային քաղաքական սոցիոլոգիա», «Մեդիաէկոլոգիայի ուսումնասիրություններ», «Հանրային քաղաքականության հետազոտությունների հանդես» և «Համաշխարհային անվտանգության ուսումնասիրությունների հանդես»։ Նա նաև ընդգրկված է եղել «Աքսես Նաու» և «Փրայվեսի Ինթերնեշնլ» կազմակերպությունների խորհրդատվական խորհուրդներում, ինչպես նաև «Ամնեսթի Ինթերնեշնլի» ու «Հյուման Ռայթս Ուոթչի» տեխնիկական խորհրդատվական խմբերում։ Ներկայում «ՓԵՆ Կանադայի» և «Լրտեսական ծրագրերի կիրառման համար հաշվետվողականության նախաձեռնության» խորհրդատվական խորհուրդների անդամ է։
Գրքերը
«Ստվերների հետքերով․ կիբեռլրտեսություն, քայքայիչ գործունեություն և համաշխարհային պայքար հանուն ժողովրդավարության» (2025)
«Վերագործարկում․ համացանցը վերադարձնել քաղաքացիական հասարակությանը» (2020)
«Սև կոդ․ հսկողություն, մասնավոր կյանքի անձեռնմխելիություն և կիբեռտարածության մութ կողմը» (2013)
