Մինալ Թակուր
Transitions մեդիա զարգացման մասնագետ
Մինալ Թակուրը մեդիայի զարգացման ոլորտում ավելի քան տասը տարվա փորձ ունեցող մասնագետ է, ծրագրերի ղեկավար և խորհրդատու։ Պրահայում գործող «Թրանզիշնս» (Transitions) մեդիայի զարգացման կազմակերպությունում նա ղեկավարում է լուծումների լրագրության և ապաբևեռացման ուղղությունները՝ մշակելով ու իրականացնելով խմբագրությունների կարողությունների և լրատվամիջոցների դիմակայունության ամրապնդմանն ուղղված միջազգային ծրագրեր։
Նա ձևավորել է եվրոպական խմբագրությունների լայն ցանց՝ խթանելով միջսահմանային համագործակցությունը և համախմբելով լրագրողներին, լրատվամիջոցների ղեկավարներին ու ոլորտային փորձագետներին։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են լուծումների լրագրությունը, բևեռացված միջավայրում լուսաբանումը, կլիմայական լրագրությունը, լսարանի ներգրավումը և լրատվամիջոցների կայուն գործունեությունը։ Այս ուղղություններով նա նաև վերապատրաստել է լրագրողների և աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը Եվրոպայում ու Գլոբալ հարավի երկրներում։
Մինալն առանձնահատուկ փորձառություն ունի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Ուկրաինայում և Հարավային Կովկասում, որտեղ սերտորեն համագործակցում է քաղաքական, տնտեսական ու կազմակերպչական դժվարություններ հաղթահարող լրատվամիջոցների հետ։ Նախկինում աշխատել է Եվրոպական լրագրության կենտրոնում (European Journalism Centre) և «Ֆրի փրես անլիմիթեդ» (Free Press Unlimited) կազմակերպությունում։ Մասնագիտական ուղին սկսել է Հնդկաստանում՝ որպես քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրող։ Այժմ բնակվում է Նիդերլանդներում։
