CSN Lab․ ժողովրդավարությունների խոցելի կողմերը
«Ժողովրդավարությունների խոցելի կողմերը» «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի (CSN Lab) նախածերից է, որն ուսումնասիրում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման մարտահրավերներն ու հակասությունները։ Հենվելով մշակութային և հասարակագիտական հետազոտությունների, մարդու իրավունքների և հիշողության քաղաքականության տիրույթում իրականացվող ուսումնասիրությունների վրա՝ նախագիծը բացահայտում է, թե ինչպես են քաղաքական գործընթացները, հասարակական փոխհարաբերություններն ու պատմական պատումները ձևավորում ժողովրդավարական համակարգերն ու գործելակերպը։
Այս քննարկումը մեկտեղում է տարբեր դիտանկյուններ՝ ուսումնասիրելու, թե ինչ ուժեր են պայմանավորում Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը տարածաշրջանային արագ փոփոխվող իրադրության պայմաններում։ Տարածաշրջանային հակամարտությունների, հիբրիդային պատերազմի և փոփոխվող քաղաքական իրողությունների պայմաններում մասնակիցները կքննարկեն, թե արտաքին ճնշումներն ու ներքին մարտահրավերներն ինչպես են ազդում ժողովրդավարական համակարգերի, հանրային վստահության և քաղաքացիական մասնակցության վրա։
Զրույցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային հիբրիդային պատերազմի ազդեցությունը ժողովրդավարական գործընթացների վրա, սեռերի դերը քաղաքական մասնակցության և ներկայացվածության հարցում, ինչպես նաև հիշողության քաղաքականության ազդեցությունը քաղաքական պատումների և հավաքական ինքնությունների ձևավորման վրա։ Այս թեմաները համադրելով՝ անդրադարձ կկատարվի, թե ինչպես են փոխկապակցվում անվտանգությունը, հավասարությունն ու պատմական մեկնաբանության հարցերը, և ինչ նշանակություն ունեն դրանք Հայաստանում ժողովրդավարության ապագայի համար։
Վարող՝ Ռուբինա Մարկոսեան
Բանախոսներ՝
Միքայել Զոլյան
Տիգրան Ամիրյան
Գոհար Շահնազարյան
ՇԱԲԱԹ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 11:00
3ՐԴ ՀԱՐԿ
Գոյատևումից՝ ռազմավարություն․ վերաիմաստավորելով Հայաստանի անվտանգությունը
2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի առջև ծառացած անվտանգային միջավայրը հիմնովին փոխվել է։ Վաշինգտոնյան համաձայնագրերն ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը զգալիորեն նվազեցրել են լայնածավալ հակամարտության վերսկսման վտանգը։ Միևնույն ժամանակ, Հայաստանը սկսել է բազմազանեցնել պաշտպանական գործընկերությունները, արդիականացնել զինված ուժերն ու վերանայել անվտանգության ոլորտում իր երկարամյա կախվածությունները։ Սակայն պատերազմի վտանգի նվազումը դեռևս չի նշանակում անվտանգային սպառնալիքների վերացում։
Տարածաշրջանային նոր և դեռևս անկանխատեսելի իրողությունների պայմաններում ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի անվտանգության ռազմավարությունը։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը հարաբերական կայունության այս ժամանակավոր հնարավորությունը վերածել երկարաժամկետ զսպման ներուժի և ռազմական կարողությունների։ Եվ ինչպե՞ս պետք է Հայաստանը կողմնորոշվի խոշոր տերությունների հակադրվող շահերի միջև՝ միաժամանակ ամրապնդելով սեփական ռազմավարական ինքնուրույնությունը։
Վարող՝ Ներսես Կոպալյան
Բանախոսներ՝
Սոսի Թաթիկյան
Արմինե Մարգարյան
Դավիթ Պետրոսյան
Լեոնիդ Ներսիսյան
ԿԻՐԱԿԻ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 12:30
3ՐԴ ՀԱՐԿ
Խնդրից՝ հնարավորություն․ ինչպես կարող է լուծումների լրագրությունը փոխել պատումը
Լրագրությունը հաճախ ամենազորեղն է, երբ բացահայտում է խնդիրները. ձախողված համակարգ, չլուծված սոցիալական հարցեր, անարդյունավետ քաղաքականություն: Բայց ի՞նչ է պատահում խնդրի բացահայտումից հետո:
Լուծումների վրա հիմնված լրագրությունը տարբեր հարցեր է բարձրացնում։ Կա՞ն մարդիկ կամ համայնքներ, որոնք տարբեր կերպ են արձագանքում խնդրին։ Ի՞նչ են նրանք անում։ Արդյո՞ք դա արդյունավետ է։ Ի՞նչ փաստեր են վկայում դրա մասին։ Որո՞նք են այդ մոտեցման սահմանափակումները, և հնարավո՞ր է արդյոք մի վայրում հաջողված փորձը կիրառել մեկ այլ տեղում։ Քննարկումը նպատակ չունի պարզել, թե արդյոք լրագրությունը պետք է «ավելի դրական» դառնա, այլ այն, թե կարո՞ղ է արդյոք ավելի բարդ ու պահանջկոտ աշխատանք կատարել՝ ուսումնասիրել իր իսկ բացահայտած խնդիրներին տրվող պատասխանները, քննության առնել դրանց արդյունավետությունը և լսարանին ներկայացնել հնարավորությունների ավելի ամբողջական պատկերը։
Վարող՝ Տատյանա Տեր-Ավետիսեան
Բանախոսներ՝
Մինալ Թաքուր
Շոն Մաքինթոշ
Հարություն Մանսուրյան
ԿԻՐԱԿԻ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 13:30
1ԻՆ ՀԱՐԿ
Որտեղից սկիզբ են առնում գաղափարները
Գաղափարները հանրային կյանք մտնելիս նոր նշանակություն են ստանում։ Դրանք կարող են կասկածի տակ դնել ընդունված պատկերացումները, նոր քննարկումների առիթ դառնալ, ձևակերպումներ տալ այն հարցերին, որոնք հասարակությունը դեռ դժվարանում է հնչեցնել, ինչպես նաև ձևավորել մեր պատկերացումները շրջապատող աշխարհի մասին։
Այս զրույցըկքննարկի, թե ինչու է կարևոր խորքային գաղափարները հանրային կյանք բերելը, և ինչ է շահում հասարակությունը, երբ ակադեմիական ու նեղ մասնագիտական շրջանակներից դուրս է գալիս մտավոր աշխատանքը։ Ինչպե՞ս են հեղինակները որոշում, թե որ հարցերն են արժանի քննության, և ինչպես կարող են խորքային հետազոտություններն ու վերլուծությունները տեղ գտնել մի հանրային խոսույթում, որտեղ ավելի ու ավելի են գերիշխում շտապողականությունը, վրդովմունքն ու յուրաքանչյուր հարցին ակնթարթային պատասխան տալու ճնշումը։ Քննարկումը կանդրադառնա ավելի հետաքրքրասեր, իրազեկ և մտավոր առումով աշխույժ հասարակություն ձևավորելու գործում գաղափարների դերին։
Վարող՝ Կարենա Ավետիսեան
Բանախոսներ՝
Դավիթ Խաչատրյան
Անդրոնիկ Պապյան
Հեղինե Փիլոսյան
ԿԻՐԱԿԻ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 15:00
3ՐԴ ՀԱՐԿ