Խոսնակներ
Միջազգային հյուրեր

Րաֆֆի Խաչատուրեան, The New Yorker
Րաֆֆի Խաչատուրեանը 2008-ից աշխատում է The New Yorker-ում: Նա անդրադառնում է բազմապիսի թեմաների, այդ թվում՝ գիտություն, արվեստ, ներքին և արտաքին քաղաքականություն, ազգային անվտանգություն: Նրա հոդվածներն ընդգրկվել են «Ամերիկյան լավագույն սպորտային հոդվածներ» և «Ամերիկյան լավագույն ոչ պարտադիր ընթերցանություն» անթոլոգիաներում: Խաչատուրեանի երկու ստեղծագործություններ առաջադրվել են National Magazine Awards մրցանակի, առաջին անգամ՝ «Ալ Քաիդա»-ի քարոզչի մասին «Ամերիկացի Ազամը» (Azzam the American) վերնագրով հոդվածի համար և երկրորդ անգամ՝ New Yorker-ի մուլտիմեդիա թիմի հետ համատեղ ստեղծված «Էջվուդի գաղտնիքները» (Secrets of Edgewood) հետաքննական հոդվածի համար, որը Սառը պատերազմի տարիներին հոգեմետ քիմիական նյութերի հետ կապված փորձերին է նվիրված։ Նրա աշխատանքները ներկայացվել են նաև Overseas Press Club-ի, James Beard Foundation-ի, Livingston-ի մրցույթներում:

Հուվեյդա Սաադ, New York Times
Հուվեյդա Սաադը 2007 թվականից աշխատում է The New York Times-ում, այժմ Բեյրութի թղթակիցն է։ 1993-ին ավարտել է Լիբանանի Համալսարանի հանրային կապերի բաժինը, իսկ 2000-ին մագիստրոսի կոչում է ստացել Սենտ Ջոզեֆի համալսարանից, որտեղ հետագայում շարունակել է դասախոսել, հասարակայնության հետ կապերի և վարչական բաժիններում զբաղեցրել տարբեր պաշտոններ: 2005-ին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիք ալ-Հարիրիի սպանությունից հետո նա կարճ ժամանակով աշխատել է The Boston Globe-ում, ինչն էլ խթանել է նրա հետագա գործունեությունը լրագրության ոլորտում։ The New York Times-ում աշխատելու տարիներին Սաադը լայնորեն անդրադարձել է Լիբանանին և Սիրիային, գրել է Իսլամական Պետության, տարածաշրջանի մարդասիրական ճգնաժամի և այլ խնդիրների մասին։ Լիբանանի և Սիրիայի մասին գրելը միշտ առաջնահերթություն է եղել Հուվեյդայի համար։ Երբ 2011 թվականին սկսվեց Սիրիայի ճգնաժամը, նրա գլխավոր նպատակը պատմության մյուս կողմը ներկայացնելն ու բոլոր խավերի սիրիացիների առօրյան ցույց տալն էր։

Ռիմվիդաս Վալատկա, DELFI
Ռիմվիդաս Վալատկան լիտվացի լրագրող և մեդիա մենեջեր է՝ 44 տարվա մասնագիտական փորձով։ Ներկայումս նա լիտվական delfi.lt կայքի սյունակագիր է: Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա զբաղեցրել է բարձր պաշտոններ Լիտվայի անկախ լրատվամիջոցներում՝ սյունակագիր, խմբագիր, մենեջեր, վարել է թոք-շոուներ տարբեր ձևաչափերով (տպագիր, հեռուստատեսություն, առցանց), և հանդես է եկել որպես մեդիա ակտիվիստ։ Նա աշխատել է Լիտվայի մեդիա ոլորտում 1990-ական թվականներին նախորդող և անցումային շրջանում: Վերջին տասնամյակում Ռիմվիդասը Ազգային հեռարձակողի խորհրդի անդամ էր: Լիտվայում անկախ մամուլի զարգացման գործում ունեցած ծառայության համար 2000 թվականին պարգևատրվել է նախագահական մրցանակով։

Ինդրե Մակարայտե, Lithuanian Public TV
Ինդրե Մակարայտեն հետաքննող լրագրող է Վիլնյուսից: Նախկինում աշխատել է որպես հաղորդավարուհի և քաղաքական լրագրող։ Վերջին չորս տարիներին ղեկավարում է Լիտվայի ազգային հեռարձակողի` LRT-ի հետաքննության բաժինը: Իր սյունյակներում նա անդրադառնում է քաղաքական կոռուպցիայի, մարդու իրավունքների, նեպոտիզմի և խոսքի ազատության թեմաներին:

Անեկե Հուդալլա. n-ost
Անեկե Հուդալլան Բեռլինի «n-ost եվրոպական լրագրողների ցանց» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավարն է: Որպես քաղաքագետ ուսումնասիրել է հետկոմունիստական երկրների քաղաքական վերափոխումները, որպես լրագրող աշխատել է չեխական Respekt շաբաթաթերթում: Նախքան n-ost-ին միանալը ազգային և համաեվրոպական մի քանի պատգամավորների օգնական է եղել:
Առցանց լրագրության հարթակ n-ost-ը նպատակ ունի ստեղծել լրագրողական երեք ցանց՝ առողջապահական, կլիմայի փոփոխության և տեղեկատվական հասարակության թեմաներով:

Ավգուստինաս Շուլիա, LRT
Ավգուստինաս Շուլիան Լիտվայի ազգային հեռարձակողի՝ LRT-ի մուլտիմեդիա լրագրող է և միջազգային նորությունների խմբագիրը, անդրադառնում է միջազգային և տարածաշրջանային հարցերի: Ավգուստինասն աշխատել է որպես Բրյուսելի թղթակից լիտվական TV3-ում և լուսաբանել հակամարտություններն ու սոցիալական խնդիրները Եվրոպայում և նրա սահմաններից դուրս՝ ներառյալ Արևելյան Ուկրաինան և Լեռնային Ղարաբաղը: Տարածաշրջանային սոցիալական խնդիրների մասին նրա անդրադարձները տպագրվել են միջազգային տարբեր լրատվամիջոցներում։ Նա նաև ֆիքսեր է աշխատել տարածաշրջանային անվտանգության թեմաներ լուսաբանող տարբեր լրատվամիջոցների խմբերի հետ: Վերջերս Բելառուսից Լիտվա մարդկանց մաքսանենգության վերաբերյալ նրա հետաքննությունը Media4change-ի կողմից կազմակերպված The Future Story Awards միջոցառմանն արժանացել է մրցանակի՝ երիտասարդ լրագրողի կողմից արված լավագույն հետաքննական նյութ անվանակարգում։

Լորենս Կորնետ, Le Monde
Լորենս Կորնետը Ֆրանսիական Le Monde թերթի ֆոտոխմբագիրն է։ Արդեն 15 տարի աշխատում է որպես խմբագիր, քննադատ և համադրող, հասարակական խնդիրների և շրջակա միջավայրի ոլորտներում մասնագիտացած լրագրող է։ Նա համագործակցում է Newsweek-ի, Vogue-ի, Vice-ի, The Guardian-ի, MSNBC-ի, PHMuseum-ի և Photo Monitor-ի հետ: Որպես համադրող` աշխատել է Միացյալ Նահանգների, Կոլումբիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի հասարակական հաստատությունների և ցուցասրահների հետ։ Նա նաև DogFood ֆոտոզինի համահիմնադիրներից է, ինչպես նաև Dysturb-ի խմբագիրը, հարթակ, որն օգտագործում է հանրային տարածքը պատմություններ տարածելու համար։

Ջուլիետա Պալումբո, Magnum Photos
Ջուլիետա Պալումբոն Magnum Photos-ի խմբագիրն ու համակարգողն է։ Իտալիայում լուսանկարչություն և մարդաբանություն ուսումնասիրելուց հետո, 2013-ին Փարիզում միացել է Magnum Photos-ին՝ զբաղվելով լուսանկարների հետարտադրական գործընթացով, արխիվների կառավարմամբ և տարածմամբ։ Այժմ, որպես բովանդակային խմբագիր, նա համակարգում է Magnum Photos-ի աշխատանքը՝ օգնելով լուսանկարիչներին, կապ հաստատելով հիմնական հաճախորդների և հրատարակչությունների հետ:

ՀՈՎԱՐԴ ԱՄՈՍ. MOSCOW TIMES
Հովարդ Ամոսը The Moscow Times-ի գլխավոր խմագիրն է։ Նա լրագրող է, գրեթե տասը տարի ապրել է Ռուսաստանում։ Նրա հոդվածները հրապարակվել են The Guardian-ում, The Daily Telegraph-ում, Newsweek-ում, The Associated Press-ում, Foreign Policy-ում և The New Republic-ում։
Բանախոսներ Հայաստանից

Ներսես Կոպալյան
Դոկտոր Ներսես Կոպալյանը Լաս Վեգասի Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս է: Նրա մասնագիտացման ոլորտները ներառում են միջազգային հարաբերությունները, աշխարհաքաղաքականությունը, քաղաքական տեսությունն ու գիտության փիլիսոփայությունը: Նա ծավալուն հետազոտություններ է անցկացրել բևեռականության, գերտերությունների հարաբերությունների, անվտանգության ուսումնասիրությունների վերաբերյալ։ Կոպալյանը «Համաշխարհային քաղաքական համակարգերը բևեռականությունից հետո» գրքի (Ռութլիջ, 2017) հեղինակն է, «Սեքս, իշխանություն և քաղաքականություն» գրքի (Փալգրև Մաքմիլլան, 2016) համահեղինակը: Նրա ընթացիկ հետազոտությունների առանցքում են աշխարհաքաղաքական և մեծ տերությունների հարաբերությունները՝ շեշտը դնելով Եվրասիայի վրա: Նա նաև լայնածավալ աշխատանք է կատարել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ մինչ թավշյա հեղափոխությունը և դրանից հետո։ Հայաստանի կառավարության համար մշակել է առաջարկությունների փաթեթներ, ինչպես նաև կամավորական հիմունքներով խորհրդատվություն է տրամադրել պետական տարբեր կառույցներին: Դոկտոր Կոպալյանը նաև EVN Report-ի հեղինակներից է:

Վարդան Հովհաննիսյան, Bars Media
Վարդան Հովհաննիսյանն իր կարիերան սկսել է որպես ռեժիսոր, պրոդյուսեր և օպերատոր՝ միջազգային այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք են CBS-ն, BBC-ն, ARTE-ն։ Նա անդրադարձել է Խորհրդային Միության տարածքում տարբեր թեժ կետերի և Արցախյան առաջին պատերազմին, ապա 1993-ին հիմնադրել է Հայաստում առաջին անկախ վավերագրական ֆիլմերի ստուդիան՝ Bars Media-ն։ Վարդանի առաջին միջազգային վավերագրական ֆիլմը ստեղծվել է պատերազմի ժամանակ իր աշխատանքի մասին որդու հարցից հետո, որը ստիպել է Վարդանին հետ վերադառնալ պատերազմի իր փորձառությանը և իր հանդիպած մարդկանց։ Արդյունքը «Մարդկային պատմություն՝ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմն էր, որը միջազգային համատեղ արտադրություն էր BBC-ի, ITVS/PBS-ի, ARTE-ի, WDR-ի, YLE-ի և այլոց հետ։ Այս ֆիլմի հաջողությունից հետո, Վարդանը վերադարձավ իր հայրենի Հայաստանի հարուստ պատմությանը՝ «Հայաստանի վերջին լարախաղացը» արտադրելու համար, որը վավերագրական ֆիլմ է հին և վերացող արվեստի մասին։ Ներկայումս Վարդանը վավերագրական ֆիլմեր է նկարում Աֆրիկայում, Ռուսաստանում և Աֆղանստանում։ Նա լիցենզավորված պարապլանիստ է, երբեմն թռչում է օդային նկարահանումների, երբեմն էլ՝ հաճույքի համար։

Լիանա Սայադյան, Հետք
Լրագրող, «Հետքի» փոխխմբագիր, Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դոցենտ: 1999-ին ավարտելով ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժինը՝ ընդունվել և 2001-ին ավարտել է ՀՀ պետական կառավարման դպրոցը՝ քաղաքագիտություն մասնագիտացմամբ։ Պետական մարմիններում կարճատև պրակտիկայից հետո նախընտրել է վերադառնալ լրագրությանը։ 2001-ից «Հետքում» է, նախ՝ որպես լրագրող, իսկ 2005-ից՝ որպես փոխխմբագիր։

Կարեն Հարությունյան, CivilNet
Կարեն Հարությունյանը CivilNet առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն է: CivilNet-ը ներկայացնում է լուրեր ու վերլուծություններ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Հարավային Կովկասի և հայկական սփյուռքի մասին: Լրատվության ոլորտում Կարենը 15 տարվա աշխատանքային փորձ ունի։ Հայաստանյան Financial Times համարվող «Կապիտալ» բիզնես օրաթերթի հիմնադիր խմբագիրն էր:

Գեղամ Վարդանյան, ՄՆԿ
Գեղամ Վարդանյանը լրագրության, հեռուստատեսային արտադրության և լրագրողական դասընթացների բնագավառում ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Նա Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնի Media.am լրատվական և վերլուծական կայքի խմբագիրն է։ Նախկինում որպես լրագրող աշխատել է A1+ հեռուստաընկերությունում։ Գեղամը հայաստանյան համալսարաններում առցանց բովանդակության ստեղծում և տվյալների լրագրություն է դասավանդում։ Al Jazeera English-ի հետ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ աշխատել է որպես պրոդյուսեր։

Արա Թադեւոսյան, mediamax
Արա Թադևոսյանը 1999 թվականից «Մեդիամաքս» մեդիա ընկերության համահիմնադիրն է և տնօրենը: 1992-ից համագործակցում է հայկական, ռուսական և արևմտյան բազմաթիվ ԶԼՄ-ների հետ:

ԴԱՎԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Krisp

Անժելա Ֆրանգյան, ռեժիսոր
Անժելա Ֆրանգյանը հայաստանաբնակ ռեժիսոր է։ Լինելով արվեստաբան, նա շուրջ չորս տարի աշխատել է որպես պրոդյուսեր և ռեժիսոր՝ գովազդային հոլովակների, վավերագրական ֆիլմերի վրա: 2019 թվականին Անժելան հիմնադրել է DoKino պրոդյուսերական ընկերությունը։ Թեև ընկերությունը համեմատաբար նոր է, սակայն այս պահին իրականացնում է երեք լիամետրաժ կինոնախագծեր (Եվրոպայի հետ համատեղ արտադրություն), որոնք արտադրման տարբեր փուլերում են: Անժելան մասնակցել և ներկայացրել է իր նախագծերը առաջատար կինոշուկաներում և հարթակներում, ինչպիսիք են IDFA-ն (Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն), Baltic Sea Docs (միջազգային վավերագրական նախագծերի համաֆինանսավորող ֆորում Ռիգայում, Լատվիա), Meeting Point – Վիլնյուս (Լիտվա), Dok Leipcig, B2B Doc, EurasiaDoc և այլն: Նախագծերից մեկը ֆինանսավորվել է նաև CNC-ից, իսկ մյուսը՝ Eurimages-ից: Ներկայումս Անժելան մշակում է վավերագրական երեք ֆիլմ և Ջեսիկա Վուդվորթի հետ համատեղ աշխատում է «Ամրոց» գեղարվեստական նոր ֆիլմի վրա։

Վաղինակ Ղազարյան, Ֆոտոլրագրող

ՆՈՒՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ, Media.am
Նունե Հախվերդյանը լրագրող է, արվեստի քննադատ, աշխատում է media.am կայքում, համագործակցում է տարբեր մեդիա հարթակների հետ՝ նյութեր գրելով կինոյի, թատրոնի, լրատվական դաշտի ու մեծ հաշվով՝ հաղորդակցության մասին:

ՇՈՂԱԿԱԹ ՄԼՔԷ-ԳԱԼՍՏԵԱՆ, AGBU Creative Accelerator Program
Շողակաթ Մլքէ-Գալստեանը ծնվել է Երևանում: Նա դերասանուհի է, պարուհի և արվեստի մենեջեր/արվեստի կազմակերպիչ: Նրա տարերքը ժամանակակից կատարողական արվեստն է։ Նա «Միհր» թատրոնի հիմնադիրն ու մեներգչուհին է, «Տիեզերք» խմբի մենեջերը և դասախոս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Եղել է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի գործադիր տնօրենը։ Հեղինակում ու տնօրինում է մի շարք նախագծեր ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կիպրոսում, Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում, Հայաստանում և այլ երկրներում: 2016 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվավոր ոսկե մեդալի։ 2017-ին ավարտել է Ցյուրիխի արվեստի համալսարանի արվեստ և միջազգային համագործակցություն բաժինը: Նա KATAPULT AGBU Creative Accelerator ծրագրի միջոցառումների և հաղորդակցության համակարգողն է:

ՆԱԶԵԼԻ ՕՀԱՆՅԱՆ, Հայաստանի հանրային ռադիո
Նազելի Օհանյանը 2003 թվականից աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյի մշակութային ծրագրերում: Համագործակցել է մի շարք թերթերի, ամսագրերի, փառատոնների, արվեստի ու մշակութային կենտրոնների հետ: Ներկայում Հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդման հեղինակն ու վարողն է: