Ջոն Լի Անդերսոն
Հետաքննող և ռազմական թղթակից
Ջոն Լի Անդերսոնը հետաքննող լրագրող է և ռազմական թղթակից։ 1998 թվականից աշխատում է «Նյու Յորքեր»-ում (The New Yorker)։
Նա թղթակցի գործունեությունն սկսել է 1979-ին Պերուում, որից հետո մի քանի տարի աշխատել է Կենտրոնական Ամերիկայում և այդ ժամանակվանից սերտ կապ է պահում տարածաշրջանի հետ՝ այնտեղի իրադարձություններին հաճախակի անդրադառնալով, ինչպես նաև լրագրողական դասախոսություններ է կարդում լատինաամերիկյան լրագրողների համար: Այդ ժամանակից ի վեր նա լուսաբանել է բազմաթիվ միջազգային հակամարտություններ, այդ թվում՝ Սիրիայում, Ուկրաինայում, Լիբիայում, Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում, Սոմալիում, Սուդանում, Անգոլայում, Մալիում, Լիբերիայում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում: Նրա աշխատանքները ներկայացվել են նաև «Նյու Յորք Թայմս», «Հարփըրս», «Էլ Պաիս», «Ինտերնացիոնալե», «Ֆայնենշլ Թայմս», «Գարդիան», «Թայմ», «Նեյշն» (The New York Times, Harper’s, El Pais, Internazionale, The Financial Times, The Guardian, TIME, The Nation) և այլ պարբերականներում:
Նա պարգևատրվել է «Արտասահմանյան մամուլի ակումբ»-ի (Overseas Press Club) կողմից, իսկ 2013-ին արժանացել է «Մարիա Մուրս Կաբոտ» մրցանակի (Maria Moors Cabot Prize)՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մասին ակնառու զեկույցների համար:
Ջոն Լին նաև հայտնի կենսագիր է, էսսեիստ և ժամանակակից հակամարտությունների, ռազմական գործողությունների և քաղաքական առաջնորդության վերաբերյալ գրքերի հեղինակ: Նա հայտնի է քաղաքական առաջնորդների իր բազմաթիվ կենսագրականներով՝ ներառյալ՝ Ուգո Չավեսը, Ֆիդել Կաստրոն, Չե Գևարան և Աուգուստո Պինոչետը: Նա Կոլումբիայում գործող Գաբրիել Գարսիա Մարկեսի լրագրության հիմնադրամի (Gabriel Garcia Marquez Foundation for Journalism) նախագահն է։
Հեղինակած գրքերը.
The Fall of Baghdad, 2004
The Lion’s Grave: Dispatches from Afghanistan, 2002
Che Guevara: A Revolutionary Life, 1997
Guerrillas: Journeys in the Insurgent World, 1992