Խոսնակներ

Միջազգային հյուրեր

Էնդրյու Լերեն․ NBC News

Էնդրյու Լերեն․ NBC News

Էնդրյու Լերենը NBC News-ի հետաքննական թիմի ավագ խմբագիրն է: Նախկինում գրեթե 13 տարի թղթակցել է New York Times-ին՝ աշխատելով ազգային, միջազգային և հետաքննական մի շարք հոդվածների վրա:

Նա թերթի առաջատար լրագրողներից մեկն էր, որը վերլուծում էր Wikileaks-ի դիվանագիտական հեռագրերը, Աֆղանստանի և Իրաքի պատերազմների տեղեկագրերը և Գուանտանամոյի կալանավորների գործերը: Այդ հոդվածների  կարևորագույն դրվագներն ամբողջացվել են «Բաց գաղտնիքներ» մեծ պահանջարկ ունեցող գրքում:

Լերենը նպաստել է նաև Պուլիցերյան մրցանակի դափնեկիր դարձած մեկ այլ  շարքի ստեղծմանը, որն ուսումնասիրում էր ԱՄՆ դեղագործական արտադրանքը վնասող չինական անորակ քիմիական նյութերի հարցը։

Մինչ The Times-ին միանալը, Լերենը NBC News-ի հետաքննական բովանդակության պատասխանատուն էր: Նրա աշխատանքը ներառում էր սեպտեմբերի 11-ի և ահաբեկչության լուսաբանումը: Լերենի հետաքննական վավերագրական ֆիլմերն ուսումնասիրում էին ոստիկանության ռասայական խտրական գործողությունները, անսարք ավտոմեքենաները, ապահովագրական խոշոր ընկերությունների խաբեության մեխանիզմները, որոնք մշակված համակարգով հաճախորդներին մոլորեցրել եւ շորթել են:

Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Polk, Peabody, duPont-Columbia երկու և Էդվարդ Ռ. Մերոուի հետաքննական մրցանակների, Էմմի, Հետաքննող լրագրողներ և խմբագիրների երեք մրցանակների, արտասահմանյան մամուլի ակումբի պարգևի և Դենիել Փերլի հետաքննական մրցանակի:

Ռոզինա Ալի․ New York Times Magazine

Ռոզինա Ալի․ New York Times Magazine

Ռոզինա Ալին լրագրող է Նյու Յորքից: Նա New York Times Magazine-ի հեղինակներից է և Type Media Center-ի անդամ: Նա գրում է ահաբեկչության դեմ պայքարի, իսլամաֆոբիայի, Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և գրականության մասին: Նախկինում եղել է The New Yorker-ի խմբագրակազմում և Եգիպտոսի Կահիրե քաղաքում հիմնված The Cairo Review of Global Affairs-ի ավագ խմբագիրը: Ալին այժմ աշխատում է ԱՄՆ-ում իսլամաֆոբիայի նորագույն պատմության մասին գրքի վրա:

Քեթի Սանդերս․ Politifact

Քեթի Սանդերս․ Politifact

Քեթի Սանդերսը PolitiFact-ի համակարգող խմբագիրն է Poynter Institute for Media Studies-ում: Քեյթին վերահսկում է PolitiFact-ի փաստերի ստուգման լրատվության բաժինը և դրա Պուլիցերյան մրցանակի դափնեկիր կայքը: Նա նաև պարբերաբար ուսուցանում է փաստերի ստուգման մեթոդներ լրագրողներին, սոցիալական մեդիայի ազդեցիկ մարդկանց և ուսանողներին տարբեր երկրներում: Քեթին ավարտել է Ֆլորիդայի համալսարանը՝ մասնագիտանալով անգլերենի և լրագրության մեջ:

Միրանդա Պատրուչիչ․ OCCRP

Միրանդա Պատրուչիչ․ OCCRP

Միրանդա Պատրուչիչը Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծին (OCCRP) միացել է 2006-ին, իսկ 2023-ին դարձել է գլխավոր խմբագիր։ Նա վերահսկում է OCCRP-ի համաշխարհային լրատվության խմբագրական աշխատանքները, որը ներառում է վեց մայրցամաքներում 50-ից ավելի խմբագիրներ և OCCRP-ի հետաքննությունների ու բովանդակության արտադրությունը: Նա վերահսկում էր աշխատանքը Բալկաններում և հայտնի դարձավ Ադրբեջանում բռնապետական ռեժիմի մասին իր ռեպորտաժներով, երբ իր ընկերուհի և հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան 2015 թվականին այնտեղ ազատազրկման դատապարտվեց:

2018-ին նա ստեղծել է նորարարական ծրագիր Կենտրոնական Ասիայում՝ կիրառելով խորությամբ ուսումնասիրելու կրթաթոշակներ՝ տեղական լրագրողների հետ համագործակցելու և հետաքննություններ հրապարակելու փակ երկրներից՝ Տաջիկստանից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից, ինչպես նաև Ղրղզստանից և Ղազախստանից:

Նա աշխատել է բազմաթիվ հետաքննությունների վրա, որոնք հանգեցրել են համաշխարհային ազդեցության, ներառյալ հոդվածներ, որոնք բացահայտել են միլիարդավոր հեռահաղորդակցային կաշառքներ Ուզբեկստանում և Ադրբեջանում ու բացահայտել Ադրբեջանի և Չեռնոգորիայի իշխող էլիտայի թաքնված ակտիվները:

Նա վերահսկում էր մրցանակակիր «Թալան և հովանավորչություն Կենտրոնական Ասիայի սրտում» և «Մատրայմովների թագավորություն» հոդվածների շարքը, որը հանգեցրեց բողոքի ցույցերի՝ ի վերջո տապալելով Ղրղզստանի կառավարությունը: Նա Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի անդամ է և աշխատել է «Պանամայի փաստաթղթերի», «Դրախտային փաստաթղթերի», FinCEN ֆայլերի և Պանդորայի փաստաթղթերի վրա: 

Պատրուչիչը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։

Թոմ Քենթ․ Լրագրողական էթիկայի խորհրդատու

Թոմ Քենթ․ Լրագրողական էթիկայի խորհրդատու

Թոմաս Քենթը լրագրողական էթիկայի, համաշխարհային տեղեկատվական պատերազմի և Ռուսաստանի հարցերով մասնագետ է։ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Հարրիման ինստիտուտում Քենթը դասավանդում է ապատեղեկատվության մասին: Եղել է Associated Press-ի թղթակից և ավագ խմբագիր, ինչպես նաև Պրահայում հիմնված «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն: Ղեկավարել է նաև AP-ի միջազգային նորությունների բաժինը, բյուրոյի ղեկավարն էր Մոսկվայում, իրանական հեղափոխության ժամանակ AP-ի խմբագրակազմի ղեկավարն էր Թեհրանում, թղթակցել է Բրյուսելից և Սիդնեյից:

Այժմ Քենթը նախկին խորհրդային երկրներում լրագրողական նախագծերի խորհրդատու է, օգնում է լրատվական կազմակերպություններին էթիկայի կանոններ գրելիս: Նա նաև աշխատում է հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ՝ ապատեղեկատվությանն առնչվող հարցերով։

Քենթը գրել է The New York Times-ի, The Washington Post-ի, The Atlantic Council-ի, The Hill-ի, European Policy Analysis-ի կենտրոնի, The American Interest-ի և այլ հարթակների համար: Քենթը Եյլի համալսարանում սովորել է ռուսերեն և արևելաեվրոպական ուսումնասիրություններ կատարել, խոսում է ռուսերեն, ֆրանսերեն և իսպաներեն:

Մեթյու Կասսել:  VICE

Մեթյու Կասսել: VICE

Մեթյու Կասսելը վավերագրող կինոռեժիսոր և մուլտիմեդիա լրագրող է։ Գործունեության ավելի քան 15 տարիների ընթացքում նա փաստագրել է Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում և այլուր հակամարտությունների և հալածանքների հանդիպած մարդկանց պատմությունները։ Այժմ նա VICE News-ի թղթակիցն է, ինչպես նաև տարբեր հարթակների համար միայնակ պատրաստում է կարճամետրաժ և լիամետրաժ վավերագրական նյութեր։ Կասսելն առցանց վիդեո արտադրության առաջատարներից է, նրա աշխատանքները ստեղծվում են հենց առցանց հրապարակման համար։ 

Արթուրաս Մորոզովաս. Վավերագրող լուսանկարիչ

Արթուրաս Մորոզովաս. Վավերագրող լուսանկարիչ

Արթուրաս Մորոզովասը լիտվացի վավերագրող լուսանկարիչ է։ Վերջին 15 տարիների ընթացքում նա փաստագրել է տարբեր իրադարձություններ Լիտվայում և Եվրոպայում՝ կենտրոնանալով սոցիալական զգայուն խնդիրների վրա: Նա փաստագրել է ռազմական հակամարտությունները Վրաստանում և Ուկրաինայում, հետհակամարտության իրավիճակներն այլուր, ինչպես նաև անդրադարձել Սիրիայից ու այլ արաբական և աֆրիկյան երկրներից դեպի Եվրոպա աճող միգրացիայի խնդրին: Մորոզովասի լուսանկարները հրապարակվել են The Guardian-ում, Al Jazeera-ում, Der Spiegel-ում, The Washington Post-ում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լիտվայում, Իտալիայում, Բելգիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Միացյալ Թագավորությունում։ Մորոզովասը Մայդանի հեղափոխության մասին «Կրակի ձմեռը» օսկարի առաջադրված ֆիլմի օպերատորներից է: Նա Բալթյան երկրներում առաջին մուլտիմեդիա վավերագրական հարթակի՝ Nara.lt-ի համահիմնադիրներից է: Ներկայումս Մորոզովասն ակտիվորեն աշխատում է Լիտվայում՝ արձանագրելով աղքատությունը և սոցիալական տարանջատումը Լիտվայում, ինչպես նաև փաստագրելով առօրյա կյանքը Լիտվայի շրջաններում: Նա դասախոսում է Կաունասի արվեստի ֆակուլտետում։

Արիան Շեմեն․ Le Monde

Արիան Շեմեն․ Le Monde

Արիան Քեմինը ֆրանսիացի լրագրող է Le Monde օրաթերթից, որտեղ նա ուսումնասիրում է քաղաքակական, լրատվական և այլ թեմաներ: 2022 թվականին նա չորս անգամ այցելել է Ուկրաինա, իսկ 2023 թվականին հրապարակել է երկար հետաքննություն Ուկրաինայի նախագահի վերաբերյալ, որը կոչվում է «Վոլոդիմիր Զելենսկու հինգ կյանքը»։ Նա մի քանի գրքերի հեղինակ է։

 

Ռասմուս Քենբեք․ Blankspot

Ռասմուս Քենբեք․ Blankspot

Ռասմուս Քենբեքը շվեդ լրագրող է, մասնագիտացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Նրա աշխատանքը հիմնականում հրապարակվում է Blankspot մեդիա հարթակում, որտեղ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո նա գրում է տարածաշրջանի հետպատերազմյան իրողությունների մասին, ինչպես նաև հետաքննում է ադրբեջանական խավիարային դիվանագիտության նոր դարաշրջանը։ Նրա գիրքը՝ Արեգ Բալայանի նկարներով՝ «Ես ամեն օր դանդաղ եմ մեռնում» (“I Die Slowly Every Day”), 2021 թվականի մարտին նրանց Լեռնային Ղարաբաղ կատարած ճանապարհորդության մասին է (հրատարակվել է 2023 թվականին)։

Օլեգ Խոմենոկ. GIJN

Օլեգ Խոմենոկ. GIJN

Օլեգ Խոմենոկը լրատվական ոլորտի դասընթացավար ու խորհրդատու է, ավագ խորհրդական Ինտերնյուսում, Հետաքննական լրագրության գլոբալ ցանցի (GIJN, Global Investihative Journalism Network) տնօրենների խորհրդի անդամ, Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) փորձագետ և Լրագրողական էթիկայի հանձնաժողովի անդամ։ Նա ավելի քան 27 տարվա փորձ ունի լրագրության, մեդիա կրթության, հանրային կապերի և կառավարման հարաբերություններում (PR, GR), հետաքննական լրագրության և ԶԼՄ-ների աջակցության նախագծերի կառավարման ոլորտում: Նա հետաքննական լրագրության, լրատվամիջոցների կառավարման, ընտրությունների լուսաբանման, տնտեսական լրագրության, մամուլի պատմության վերաբերյալ ձեռնարկների հեղինակ է։ Վերջին տասնամյակի ընթացքում Խոմենոկը հետաքննող լրագրողների համար տասնյակ դասընթացներ է անցկացրել Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Կովկասի և Կենտրոնական Ասիայի այլ երկրներում՝ անդրադառնալով հետաքննական լրագրության տեխնիկային և ռազմավարությանը: Որպես YanukovychLeaks.org-ի համակարգող՝ Խոմենոկն աշխատել է ուկրաինացի լրագրողների հետ, որոնք հավաքել և հրապարակել են Ուկրաինայի նախկին նախագահին վերաբերող տասնյակ հազարավոր ֆինանսական փաստաթղթեր:
Աբհիշեկ Ջհա. CNN-NEWS18

Աբհիշեկ Ջհա. CNN-NEWS18

Աբհիշեկ Ջհան լրագրող է, ավելի քանի 15 տարվա փորձ ունի Հնդկաստանի լրատվական ոլորտում: Նա աշխատել է հայտնի լրատվական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են CNN-News18-ը և հանրային հեռարձակող DD News-ը՝ լուսաբանելով արտաքին և ռազմավարական հարցեր: Նրա լուսաբանման տիրույթում են եղել միջազգային այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են G7-ը, G20-ը, ԲՌՀՉՀԱ-ն, ԱՀԿ-ն և ՇՀԿ-ի գագաթնաժողովները։

Աբհիշեկը նաև տնտեսական լրագրության փորձ ունի, ընդգրկուն կերպով լուսաբանում է էներգետիկ, գյուղատնտեսական և ավիացիոն ոլորտները: Նա նաև եղել ռադիոհաղորդավար All India Radio-ում (AIR)։

Թալին Փափազեան. Էքս-Մարսել համալսարան

Թալին Փափազեան. Էքս-Մարսել համալսարան

Թալինե Փափազեանը քաղաքագիտության դոկտոր է։ Նա դասավանդել է քաղաքագիտություն, խորհրդային և հետխորհրդային քաղաքականություն և միջազգային հարաբերություններ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում և ներկայումս Sciences Po Aix-ում և Ecole de l’Air-ում: Նա մասնագիտացած է հետխորհրդային երկրներում զինված հակամարտությունների և պետականաշինության հարցերում և հանգամանորեն ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը Հայաստանում պետական կառույցների, քաղաքական դերակատարների և գործընթացների վրա: Նրա վերջին աշխատանքները կենտրոնանում են ոչ պետական պաշտպանության դերակատարների և պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության ներգրավվածության վրա: Բացի իր ակադեմիական գործունեությունից, նա նաև ղեկավարում է «Հայաստանի խաղաղության նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը, որը միտված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության խթանմանը:

Իլյա Լոզովսկի․ OCCRP

Իլյա Լոզովսկի․ OCCRP

Իլյա Լոզովսկին Սարաևոյում հիմնված OCCRP-ի հեղինակներից է և ավագ խմբագիր: Նա գրում է կոռուպցիայի և ժողովրդավարության մասին, խմբագրում է հետաքննությունները:

Նախկինում նա OCCRP-ի համակարգող խմբագիրն էր: Իլյայի աշխատանքները հրապարակվել են Foreign Policy-ում, Washington Post-ում, The Atlantic-ում, Haaretz-ում և այլ հարթակներում:

Անելի Ահոնեն․ Ապատեղեկատվության փորձագետ

Անելի Ահոնեն․ Ապատեղեկատվության փորձագետ

Անելի Ահոնենը ահռելի փորձ ունի  ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում: Նա որպես անկախ փորձագետ հետևել է Ուկրաինա ներխուժելուց ի վեր ռուսական քարոզչությանն ու ապատեղեկատվությանը։ Վերջերս նա Քարդիֆի համալսարանում հրապարակեց զեկույց Ghostwriter հաքերային արշավի և դրա հետևանքների վերաբերյալ:

Մինչ այդ, 2021 թվականին Գերմանիայի դաշնային ընտրությունների ժամանակ նա աշխատել է Ռազմավարական երկխոսության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող և ղեկավարել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Ռազմավարական հաղորդակցության աշխատանքային խումբը՝ համակարգելով հիմնականում Արևելյան գործընկերության երկրներում ռազմավարական հաղորդակցության և ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի աշխատանքները, այդ թվում EUvsDisinfo ապատեղեկատվության դեմ  պայքարի արշավը։

Ավելի վաղ նա տասը տարի աշխատել է որպես լրագրող ֆիննական խոշորագույն Helsingin Sanomat թերթում, որից 2009-2016-ը աշխատել է  Սանկտ Պետերբուրգում։

Իդո Վոք. The New Statesman

Իդո Վոք. The New Statesman

Իդո Վոքը New Statesman-ի Եվրոպայի թղթակիցն է: Նա թղթակցում է մայրցամաքի երկրներից, այդ թվում՝ Վրաստանից, Ուկրաինայից և Ֆրանսիայից՝ վերջերս մանրամասնորեն լուսաբանելով ուկրաինական պատերազմը:

Ներսես Կոպալյան. UNLV

Ներսես Կոպալյան. UNLV

Դոկտոր Ներսես Կոպալյանը Լաս Վեգասի Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս է: Նրա մասնագիտացման ոլորտները ներառում են միջազգային հարաբերությունները, աշխարհաքաղաքականությունը, քաղաքական տեսությունն ու գիտության փիլիսոփայությունը: Նա ծավալուն հետազոտություններ է անցկացրել բևեռականության, գերտերությունների հարաբերությունների, անվտանգության ուսումնասիրությունների վերաբերյալ։ Կոպալյանը «Համաշխարհային քաղաքական համակարգերը բևեռականությունից հետո» գրքի (Ռութլիջ, 2017) հեղինակն է, «Սեքս, իշխանություն և քաղաքականություն» գրքի (Փալգրև Մաքմիլլան, 2016) համահեղինակը: Նրա ընթացիկ հետազոտությունների առանցքում են աշխարհաքաղաքական և մեծ տերությունների հարաբերությունները՝ շեշտը դնելով Եվրասիայի վրա: Նա նաև լայնածավալ աշխատանք է կատարել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ մինչ թավշյա հեղափոխությունը և դրանից հետո։ Հայաստանի կառավարության համար մշակել է առաջարկությունների փաթեթներ, ինչպես նաև կամավորական հիմունքներով խորհրդատվություն է տրամադրել պետական տարբեր կառույցներին: Կոպալյանը EVN Report-ի հեղինակներից է։

Գեորգի Դերլուգյան․ NYU

Գեորգի Դերլուգյան․ NYU

Մոսկվայի պետական համալսարանում աֆրիկյան լեզուներ և պատմություն ուսանելու տարիներին Գեորգի Դերլուգույանն առաջին անգամ Մոզամբիկում  բախվեց պատերազմական դառն իրողությանը։ 1989-ին Աֆրիկայից վերադառնալով Մոսկվա՝ նա ապշահար սկսեց բացահայտել, որ փլուզվող Խորհրդային Միության մասնիկներն արագորեն կրկնօրինակում էին աֆրիկյան կոռուպցիոն քաղաքականությունն ու քաղաքացիական պատերազմները: Խորհրդային Միության փլուզման վերաբերյալ Դերլուգյանի ուսումնասիրություններն ամբողջացել են մրցանակների արժանացած Bourdieu’s Secret Admirer in the Caucasus մենագրությամբ (Չիկագոյի համալսարանի հրատարակչություն, 2005): Ուսումնասիրության հիմնական հարցը մեկն էր․ ի՞նչ գործընթացներ էին պայմանավորում գավառական խորհրդային մտավորականների փոխակերպումները, որոնք ժամանակին տարված էին ֆրանսիական կինոյով և սոցիոլոգիայով, իսկ հետո հանկարծ վերածվեցին ազգայնականության ու կրոնական կատաղի առաջամարտիկների: 

Նախկինում Դերլուգյանը դասավանդել է Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանում, որպես սոցիոլոգիայի և միջազգային հետազոտությունների օգնական: Նա նաև եղել է հրավիրյալ պրոֆեսոր Ֆրանսիայի Sciences Po և Université de Bordeaux, ինչպես նաև Էստոնիայի Տալլինի տեխնոլոգիական համալսարանում և Ուկրաինայի Կիևի պետական համալսարանում:

 

Կայծ Մինասեան: Le Monde

Կայծ Մինասեան: Le Monde

Կայծ Մինասեանը Le Monde-ի լրագրող է, քաղաքական գիտությունների դոկտոր, Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի դասախոս: Հեղինակել է միջազգային հարաբերությունների մասին մի քանի գրքեր, այդ թվում՝ 2020-ին լույս տեսած «Հաղթանակի արահետներ. կարո՞ղ ես դեռ հաղթել պատերազմում» աշխատությունը։

Րաֆֆի Խաչատուրեան, The New Yorker

Րաֆֆի Խաչատուրեան, The New Yorker

Րաֆֆի Խաչատուրեանը 2008-ից աշխատում է The New Yorker-ում: Նա անդրադառնում է բազմապիսի թեմաների, այդ թվում՝ գիտություն, արվեստ, ներքին և արտաքին քաղաքականություն, ազգային անվտանգություն: Նրա հոդվածներն ընդգրկվել են «Ամերիկյան լավագույն սպորտային հոդվածներ» և «Ամերիկյան լավագույն ոչ պարտադիր ընթերցանություն» անթոլոգիաներում: Խաչատուրեանի երկու ստեղծագործություններ առաջադրվել են National Magazine Awards մրցանակի, առաջին անգամ՝ «Ալ Քաիդա»-ի քարոզչի մասին «Ամերիկացի Ազամը» (Azzam the American) վերնագրով հոդվածի համար և երկրորդ անգամ՝ New Yorker-ի մուլտիմեդիա թիմի հետ համատեղ ստեղծված «Էջվուդի գաղտնիքները» (Secrets of Edgewood) հետաքննական հոդվածի համար, որը Սառը պատերազմի տարիներին հոգեմետ քիմիական նյութերի հետ կապված փորձերին է նվիրված։ Նրա աշխատանքները ներկայացվել են նաև Overseas Press Club-ի, James Beard Foundation-ի, Livingston-ի մրցույթներում:

Բանախոսներ Հայաստանից

Գեղամ Վարդանյան․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Գեղամ Վարդանյան․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Գեղամ Վարդանյանը լրագրության, հեռուստատեսային արտադրության և լրագրողական դասընթացների բնագավառում ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Նա Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնի Media.am լրատվական և վերլուծական կայքի խմբագիրն է։ Նախկինում որպես լրագրող աշխատել է A1+ հեռուստաընկերությունում։ Գեղամը հայաստանյան համալսարաններում առցանց բովանդակության ստեղծում և տվյալների լրագրություն է դասավանդում։ Al Jazeera English-ի հետ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ աշխատել է որպես պրոդյուսեր։

Կարենա Ավետիսեան․ քաղաքագետ

Կարենա Ավետիսեան․ քաղաքագետ

Դոկտոր Կարենա Ավետիսեանը քաղաքագետ է՝ հետաքրքրված նախկին Խորհրդային Միության՝ Ռուսաստանին և Կովկասին հարող սոցիալական շարժումներով, նոր մեդիայով, քաղաքացիական հասարակությամբ և անվտանգությամբ: Նա իր դոկտորականը ստացել է Բիրմինգհեմի համալսարանում 2015 թվականին: Այդ ժամանակից ի վեր աշխատել է որպես հետազոտող Հարավային Կալիֆորնիայի համալսարանում և Բիրմինգհեմի համալսարանում: Նրա աշխատանքները հրապարակվել են The Guardian-ում, Moscow Times-ում, Open Democracy-ում, Global Voices-ում, Transitions Online-ում և Hetq-ում:

Շիլա Փայլան․ Միջազգային քրեական գործերով իրավաբան

Շիլա Փայլան․ Միջազգային քրեական գործերով իրավաբան

Շիլա Փայլանը միջազգային քրեական գործերով իրավաբան է, ռազմական հանցագործությունների քննիչ, մարդու իրավունքների և գենդերային հարցերի փորձագետ և ՄԱԿ-ի նախկին իրավախորհրդատու: Նա ավելի քան 15 տարի խորհրդատվություն է տվել ՄԱԿ-ի տարբեր միջազգային քրեական դատարանների դատավորներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Ռուանդայի, նախկին Հարավսլավիայի և Կամբոջայի Կարմիր քմերների համար: 2019-ից 2021 թվականներին նա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից նշանակվել է որպես իրավախորհրդատու և սեռական ու գենդերային բռնության մասնագետ՝ միջազգային փորձագետների թիմի համար, որը լիազորված է օժանդակել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության դատական ​​և ռազմական իշխանություններին՝ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետաքննության և քրեական հետապնդման հարցում:

Այժմ նա Երևանում է և պարբերաբար խորհրդատվություններ է անցկացնում միջազգային և հասարակական մի շարք կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների և կառավարությունների համար: Նա ունի հոգեբանության գիտությունների և քաղաքացիական իրավունքի բակալավրի և ՄաքԳիլի համալսարանի իրավագիտության դոկտորի աստիճան, ինչպես նաև Լոնդոնի համալսարանի իրավագիտության մագիստրոս է։ Միջազգային արդարադատության, անջատում հանուն փրկության և պաշտպանելու պատասխանատվության թեմաներով բազմաթիվ հրատարակությունների հեղինակ է։

Վիգեն Գալստյան․ արվեստի պատմաբան

Վիգեն Գալստյան․ արվեստի պատմաբան

Վիգեն Գալստյանը արվեստի պատմաբան է, համադրող և դասախոս, որը մասնագիտացած է ժամանակակից դարաշրջանի լուսանկարչության, կինոյի և հայկական արվեստի բնագավառներում։ Նա Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի տնօրենն է և Հայաստանի պատմության թանգարանի ցուցահանդեսների ղեկավարը։ Վիգենը մագիստրոսի կոչում է ստացել արվեստի կուրատորության ոլորտում և ավարտել է իր թեկնածուական ատենախոսությունը XIX դարի հայ պատմագրական լուսանկարչության վերաբերյալ Սիդնեյի համալսարանում: Նա համադրել է ավելի քան քսան ցուցահանդեսներ և հեղինակել է բազմաթիվ էսսեներ՝ նվիրված հայ արվեստի, լուսանկարչության և դիզայնի պատմությանը: Վիգենը նաև EVN Report-ի «ԵՎ այլն» բաժնի խմբագիրն է:

Վահե Սարուխանյան․ Հետք

Վահե Սարուխանյան․ Հետք

Վահե Սարուխանյանը լրագրող է, «Հետք»-ում փաստերի ստուգման թիմի ղեկավարը։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, Արցախի պաշտպանության բանակի «Մարտիկ» պաշտոնաթերթին: 

Հայ պաշտոնյաների գույքի և ընկերությունների համատեղ հետաքննությունների փորձ ունի արտասահմանցի (մասնավորապես՝ Չեխիա, Բուլղարիա, Ուկրաինա) գործընկերների հետ: Սարուխանյանի հետաքննությունները հրապարակվել են ոչ միայն «Հետք»-ում, այլև OCCRP-ում (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ), որի անդամ է «Հետքը»:

Տարբեր տարիների մասնակցել է վերապատրաստման դասընթացների Երևանում, Թբիլիսիում, Բեռլինում։ Մասնակցել է Հետաքննական լրագրության գլոբալ ցանցի (GIJN) կազմակերպած մի քանի գիտաժողովների, ինչպես նաև լրագրողական գիտաժողովների Ուկրաինայում և Էստոնիայում, որոնցում ներկայացրել է հետաքննական լրագրության հայկական փորձը:

Դավիթ Ալավերդյան: Mediamax

Դավիթ Ալավերդյան: Mediamax

Դավիթ Ալավերդյանն ավելի քան 30 տարի է լրագրության, հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ոլորտում է աշխատում։ Նա իր կարիերան սկսել է 1991 թվականին՝ որպես լրագրող Հայաստանի Ազգային հեռուստատեսությունում և ռադիոյում, այնուհետև եղել է լրագրող և խմբագիր տարբեր լրատվամիջոցներում։ Մեդիամաքս լրատվական գործակալության համահիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է 1999-ից: Ալավերդյանը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ է։ 2004-ից «Հայկական օնլայն ԶԼՄ-ների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահն է, 2007-ից՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի փոխտնօրենն է։

Արևիկ Սահակյան. Factor TV

Արևիկ Սահակյան. Factor TV

Արևիկ Սահակյանը հայաստանյան լրատվադաշտում լրագրող, մեկնաբան և խմբագիր աշխատելու ավելի քան քսան տարվա փորձ ունի։ Նա Factor TV-ի գործադիր տնօրենն ու ծրագրերի ղեկավարն է, 2017-2020 թվականներին եղել է գլխավոր խմբագիրը: Մինչ այդ նա եղել է 1in.am-ի լրատվական ծրագրի քաղաքական մեկնաբան և խմբագիր, «Ա1+» հեռուստաընկերության հաղորդավար, «Առավոտ» օրաթերթի լրագրող, ինչպես նաև աշխատել է որպես մեդիա խորհրդատու և համակարգող:
Դանիել Իոաննիսյան․ Իրազեկ քաղաքացիների միավորում

Դանիել Իոաննիսյան․ Իրազեկ քաղաքացիների միավորում

Դանիել Իոաննիսյանը 2014 թվականին հիմնադրված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգողն է։ Մինչ այդ նա աշխատել է Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի օգնական, որի ընթացքում օրենսդրական փոփոխությունների փաթեթներ է պատրաստել։ 2018 թվականին եղել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, իսկ 2019 թվականից՝ Հայաստանի Հանրային խորհրդի անդամ է։ 2020 թվականի փետրվարին եղել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։ 2020-2023 թվականներին՝ ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ, 2019 թվականից՝ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, իսկ 2022 թվականից՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ։ Նա ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ 2017 թվականի Համընդհանուր իրավունքների մրցանակը և 2019 թվականի Ժողովրդավարության պաշտպանի մրցանակը:

 

Սեդա Մուրադյան. Հանրային լրագրության ակումբ

Սեդա Մուրադյան. Հանրային լրագրության ակումբ

Սեդա Մուրադյանը փորձառու լրագրող է, ավելի քան 20 տարի լրատվադաշտում է։ Մեծ փորձ ունի ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարման, լրագրության, դասավանդման և լրագրողների մենթորության ոլորտներում: Լրագրության միջազգային չափանիշների վերաբերյալ նրա գիտելիքներն ու փորձառությունը հղկվել են միջազգային կրթաթոշակների, վերապատրաստման ծրագրերի, ամառային դպրոցների և Լոնդոնում գործող Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հետ երկարաժամկետ համագործակցության միջոցով, որի հայաստանյան գրասենյակի տնօրենն է եղել 2005-2017 թվականներին: Մուրադյանը լրատվադաշտում և ընդհանուր բնակչության շրջանում մասնակցային լրագրության և մեդիա գրագիտության խթանման առաջամարտիկներից է։ Նա 2011-ին համահիմնել և ղեկավարում է Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը: Հայաստանի լրատվադաշտի մասին Մուրադյանն ունի գործնական համապարփակ գիտելիքներ, ակտիվ մասնագիտական կապեր հայ լրագրողների, լրատվական ընկերությունների և կազմակերպությունների հետ՝ ինչպես մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում: Տարածաշրջանի փորձագետների և լրատվամիջոցների հետ ակտիվ մասնագիտական կապերի միջոցով Մուրադյանի գիտելիքներն ու փորձը տարածվում են նաև Հայաստանի սահմաններից դուրս։ 2010-11 թվականներին նա արժանացել է ԱՄՆ Կալիֆոռնիայի Սթենֆորդի համալսարանի հեղինակավոր Knight լրագրության կրթաթոշակի:

Անի Գրիգորյան․ CivilNetCheck

Անի Գրիգորյան․ CivilNetCheck

Անի Գրիգորյանը ՍիվիլՆեթի փաստահավաք խմբի՝ #CivilNetCheck-ի ղեկավարն է։ Նա շուրջ 11 տարի զբաղվում է լրագրությամբ՝ լուսաբանելով տարբեր թեմաներ։ Սակայն վերջին տարիներին նա հիմնականում զբաղվում է փաստերի ստուգմամբ և հետաքննական լրագրությամբ։ Գրիգորյանը նաև վարում է «Քո գրպանից» հեղինակային հաղորդումը։

Լիյա Շելդերուպ․ տեխնոլոգիաների կառավարում

Լիյա Շելդերուպ․ տեխնոլոգիաների կառավարում

Լիյա Շելդերուպը գրող, վերլուծաբան է, ուսումնասիրում է տեխնոլոգիական փոփոխությունների սոցիալական հետևանքները: Բրիտանական Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերությունների բակալավրիատն ավարտելուց հետո, 2019 թվականին տեղափոխվել է Երևան ու ներգրավվել Հայաստանում զարգացող ստարտափերի և նորարարական էկոհամակարգի ոլորտներում: Ներկայումս ուսանում  է Էստոնիայի Տալլինի տեխնոլոգիական համալսարանի Տեխնոլոգիայի կառավարման և կայունության մագիստրոսական բաժնում՝ հիմնականում ուսումնասիրելով զարգացող  տեխնոլոգիաների և կառավարման մոդելների կիրառման հնարավորությունները գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և կայուն զարգացում խթանելու ուղղությամբ։

Նա նպատակ ունի քաղաքականություն մշակողների, ձեռնարկատերերի, գիտնականների և քաղաքացիական հասարակության դերակատարների շրջանում քննարկումներ ծավալել, որպեսզի այս անցման ու փոխակերպման շրջանն առավել արդյունավետ օգտագործվի ի շահ հայաստանյան հասարակության։